Աջակցություն սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը
Գրանցում

Նորություններ

Ամառային դպրոց սիրիահայ դպրոցականների համար

Ամառային դպրոց սիրիահայ դպրոցականների համար

2016թ. հունիսի 13-ից 19-ը Ստեփանավանում կազմակերպվել է ամառային դպրոց թվով 100 սիրիահայ աշակերտի համար, որին մասնակցել է նաև ծրագրի 20 կամավոր:

Ամառային դպրոցն անց է կացվել երկու փուլով, առաջին փուլին մասնակցել են միջին դպրոցի աշակերտներ, իսկ երկրորդ փուլին՝ ավագ դպրոցի:

Հաշվի առնելով սիրիահայ աշակերտների կարիքները՝ օրակարգը կազմվել է շատ բազմաբովանդակ ու ընդգրկուն և քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ակտիվ հաղորդակցման հմտություններ, կոնֆլիկտների և ժամանակի կառավարում և այլն: Միաժամանակ, անցկացվել են սեմինարներ առաջին օգնության և աղետների ռիսկի նվազեցման թեմաներով՝ բարձրացնելու աշակերտների իրազեկությունը ցանկացած աղետի կամ պատահարի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով: Կազմակերպվել են նաև տարբեր ինտերակտիվ խաղեր, թատերական ներկայացումներ, երգ, պար, ասմունք, դերային խաղեր, մրցույթներ և իհարկե՝ խարույկ:

Նկարչության մրցույթ աշակերտների մասնակցությամբ

Նկարչության մրցույթ աշակերտների մասնակցությամբ

2015-ին և 2016-ին ծրագրի թիրախային բոլոր դպրոցներում կազմակերպվել են նկարչական մրցույթներ՝ համապատասխանաբար «Խաղաղություն» և «Իմ Հայաստանը» թեմաներով, որին մասնակցել են բոլոր դասարանների աշակերտները, որտեղ սովորում են սիրիահայեր:

Հաղթողները պարգևատրվել են խրախուսական մրցանակներով, իսկ լավագույն աշխատանքներից տպագրվել են 2016-ի և 2017-ի օրացույցներում: 

 

Շարադրության մրցույթ բարձր դասարանների աշակերտների համար

Շարադրության մրցույթ բարձր դասարանների աշակերտների համար

2016 թվականի ապրիլի ընթացքում շարադրության մրցույթ է կազմակերպվել ծրագրի թիրախային բոլոր դպրոցներում «Խտրականությունից դուրս հասարակությունը, որում ուզում եմ ապրել» թեմայով, որին մասնակցել են բարձր դասարանների աշակերտները: Լավագույն աշխատանքները /4-ական՝ յուրաքանչյուր դպրոցից/ պարգևատրվել են խրախուսական մրցանակներով/:

 

Այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր

Այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր

2016-ի հունիսին կազմակերպվել են այցելություններ Սաղմոսավանք-Օհանավանք-Սբ.Կարմրավոր-Ծիրանավոր-Սպիտակավոր եկեղեցիներ երթուղով՝ սիրիահայ աշակերտներին Հայաստանի պատմությանն ու մշակույթին առավել լավ ծանոթացնելու նպատակով:

Արշավները վարել են զբոսավարի մասնագիտությամբ կամավորներ, ովքեր տրամադրել են համապարփակ տեղեկատվություն:

Այցելություններին մասնակցել է 437 սիրիահայ:

 

 

 

 

Ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում

Ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում

2016-ի հունիսի 5-ին Եվրոպայի օրը Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է ֆլեշմոբ՝ սիրիահայ և հայաստանցի աշակերտների մասնակցությամբ, որին միացել է նաև հանդիսատեսը:

Միաժամանակ, կազմակերպվել է նաև տեղեկատվական ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվել և այցելուներին է տրամադրվել սիրիահայերի ինտեգրմանը նպաստելու համար տպագրված գրքեր ու բրոշյուրներ:

 

Ծաղկաձորյան երկօրյա սեմինար-քննարկում սիրիահայ և հայաստանցի աշակերտների մասնակցությամբ

Ծաղկաձորյան երկօրյա սեմինար-քննարկում սիրիահայ և հայաստանցի աշակերտների մասնակցությամբ

2016-ի փետրվարին Ծաղկաձորում 4 փուլով կազմակերպվել է երկօրյա սեմինար՝ ուղղված խտրական վերաբերմունքից դուրս հասարակություն ունենալուն և նպատակ ունենալով բարձրացնելու սիրիահայերի ինտեգրման մակարդակը դպրոցներում և հասարակության մեջ:

Սեմինարին քննարկվել են թեմաներ՝ ուղղված բոլոր երեխաների հավասար կրթության իրավունքի հետ, ինչպես նաև կազմակերպվել են ինտերակտիվ խաղեր՝ մասնակիցներին օգնելու հասկանալ, թե ինչ է զգում մարդը երբ օտարված է միջավայրի կողմից,  ինչ է խտրականությունը, խտրականության ենթարկված մարդու հոգեվիճակը, ոչ բավարար տեղեկությունների հիման վրա եզրահագումներ անելու և վերաբերմունք ձևավորելու վտանգը և այլն:

Սեմինարին մասնակցել են երևանյան և մարզային թիրախ դպրոցների թվով 155 աշակերտ ու ուսուցիչ, որոնց հետ սեմինարի ավարտին մշակվել է շահերի պաշտպանության գործողությունների պլան՝ դպրոցներում իրազեկության բարձրացման նպատակով:

Միաժամանակ, յուրաքանչյուր դպրոցից սեմինարին մասնակցել է նաև 1-ական ուսուցիչ, ով պատասխանատու է կազմակերպչական աշխատանքների համար, որը լրացուցիչ կայունության երաշխիք է՝ ծրագրի ավարտից հետո դպրոցներում գաղափարի շարունակման նպատակով:

Փախստականների միջազգային իրավունքը և Հայաստանում միգրացիայի օրենսդրությունը

Փախստականների միջազգային իրավունքը և Հայաստանում միգրացիայի օրենսդրությունը

Նոյեմբերի 2-3-ը Անի պլազա հյուրանոցում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ միասին, “Սիրիահայերի ինտեգրման  խթանում” ծրագրի շրջանակներում կազմակերպել էր սեմինար` ”Փախստականների միջազգային իրավունքը և Հայաստանում միգրացիայի օրենսդրությունը” թեմայով:

 - Այս հանդիպումը նախաձեռնել ենք ՄԱԿ ՓՀԳ-ի հետ, որպեսզի հենց մասնագետները ներկայացնեն թեման: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի ուղղության շրջանակներում, 2012 թվականից սկսած ակտիվ աջակցություն է տրամադրել Հայաստան տեղափոխված սիրիահայերին` օգնության ծրագրերից անցնելով զարգացման ու ինտեգրման ծրագրերի: Այս ծրագրի շրջանակներում, օրինակ, մենք աշխատաշուկայի հետազոտություն ենք անցկացրել, որպեսզի օգնենք մեր շահառուներին աշխատանք գտնել Հայաստանում,  - բացելով հանդիպումն ասաց ՀԿԽԸ Աղետներիկառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը, - կարծում եմ այս սեմինարի ընթացքում ստացված տեղեկատվությունը կօգնի փախստականների հետ աշխատանքի ընթացքում:

Սեմինարին մասնակցում էին ոչ միայն անմիջականորեն փախստականների աշխատող պետական մարմինների, ՀԿ-ների ու միջազգային կազմակերպությունների, այլև` Աշխատանքի և սոցիալական ապահովման, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Այս կառույցները փախստականների խնդիրներին առնչվում են նրանց ինտեգրման փուլում:

Մասնակիցները ծանոթացան ապաստան հայցողների և փախստականներին վերաբերող միջազգային օրենսդրությանը և փաստաթղթերին, կարգավիճակ ստանալու կարգին, ՀՀ-ում փախստականների վերաբերյալ օրենքին, փախստականների մեծ ներհոսքի դեպքում` երկրի մակարդակում արձագանքման համակարգմանը:

Գրենական պիտույքներ` սիրիահայ երեխաներին

Գրենական պիտույքներ` սիրիահայ երեխաներին

Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր գրասենյակում ամառվա ամսիներին իրականացվեց` Եվրամիության կողմից ֆինանասավորվող “Սիրիահայերի ինտեգրման խթանում” ծրագրի շրջանակներում սիրիահայ դպրոցականների գրենական պիտույքների բաշխումը: Ծրագրի շրջանակներում գրենական պարագաներ տրամադրվեցին ավելի քան 800 սիրիահայ աշակերտի: Փաթեթները, որոնք ներառում են տետրեր, գրիչներ, նկարչական ալբոմներ, գունավոր մատիտներ,գունավոր թղթեր, ջրաներկեր և այլն, կազմվել են ըստ ուսումնական խմբերի`տարրական, միջին և ավագ դասարաններ:

 

 

 

Մեկնարկեց «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը

2015 թվականի ապրիլի 9-ին  Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանը հայտարարեցին «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի մեկնարկը:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն իր բացման խոսքում նշեց, որ այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում պատերազմներ և ճգնաժամեր են, և 21-րդ դարում մարդիկ դեռ տառապում են բռնությունից, սովից, հիվանդություններից:

 

 - Պատերազմներից տառապող մարդկանց շարքում հայտնվեցին նաև Սիրիայի դեպքերի հետևանքով տեղահանված մեր հայրենակիցները, և Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցել է նրանց ժամանման առաջին իսկ օրվանից,-  ասաց նա:

 

Ինչ վերաբերում է  իրականացվող նոր ծրագրին, ապա այն կնպաստի մեր հայրենակիցների ինքնաբավ և կայուն կյանքի ապահովմանը: ՀԿԽԸ Գլխավոր քարտուղարը հայտնեց, որ ամբողջ ծրագիրն իրականացվելու է պետական և ոչ պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

 

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հիշեցրեց, որ արդեն երրորդ տարին է, որ մեր երկիրն առնչվում է սիրիահայերի խնդիրներին, և այդ աշխատանքները մշտապես կառավարության ու իրենց  գերատեսչության ուշադրության ներքո են:

 

- Ամեն ինչ չէ, որ հասցնում ենք անել: Այստեղ պետական կառույցներին օգնության են հասնում բարեգործական, հասարակական կազմակերպությունները: Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առաջին օրից սրտացավորեն կանգնեց սիրիահայերի կողքին, - ասաց Ֆիրդուս Զաքարյանը և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչին:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանը նշեց, որ ծանոթ է սիրիահայերի գործարար ունակություններին և վստահ է, որ դրանք զարգացնել է պետք․

 - Հայաստանը պետք է օգտագործի նրանց կարողությունները: Նրանք ունեն կապեր, գիտելիքներ, արժեքներ, դա պետք է օգտագործվի որպես առավելություն: Այս ծրագիրը կօգնի պատերազմի պատճառով անօթեւան մնացած սիրիահայերին հաստատվել հայրենիքում:

 

Այնուհետև ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ներկայացրեց «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի բաղադիչներն ու հիմնական նպատակները, շեշտելով.

 

- Մենք հատկապես կարևորում են գործարար սիրիահայերի ցանց և համատեղ ձեռնարկություններ ստեղծելու գաղափարը։ Օրինակ, եթե ունենք քաղցրավենիք պատրաստողներ, նրանք հանդես են գալիս որպես անհատներ: Նրանց համախմբելով՝ արտադրություն հիմնենք: Մենք պետք է բոլորին միավորելու այդ շղթան, այդ խթանը հանդիսանանք: Որովհետև արտադրություն հիմնելու մեջ բազմաթիվ պարտականություններ և դերեր կան: Փորձելու ենք աջակցել, որպեսզի այդ դերերը, պատասխանատվությունները սահմանվեն, և որպես մի թիմ կարողանան աշխատել»:

 

Սիրիահայերի գործարարների միության անդամ, ոսկեչությամբ զբաղվող Միքայել Կարապետն ասաց, որ այս ծրագիրը դրական հույսեր է արթնացնում․ 

 

 - Ամենակարևորը՝ ճանաչվելու և շուկայի կարիքն ունենք, որ մեր ապրանքներն արտադրվեն ու սպառվեն: Պատրաստ ենք համագործակցել և աշխատել այս ծրագրի շրջանակներում:

 

«Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը 2015 թվականի մարտից մինչև 2017 թ. փետրվարը կիրագործվի Երևանում,  Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում: Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը և ավստրիական Կարմիր խաչը: Ծրագրի տնտեսական բաղադրիչը հնարավորություն կտա ներգրավել ներկայումս Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերին, իսկ կրթական ուղղվածության գործողություններում կընդգրկվի ավելի քան հազար դպրոցական:

 

Ծրագրի տնտեսական բաղադրիչի շրջանակներում կիրականացվեն հետևյալ հիմնական գործողությունները՝ աշխատանքի շուկայի ուսումնասիրություն, սիրիահայերի մասնագիտական փորձի վերաբերյալ թվային տվյալների բազայի մշակում, շարունակական աշխատանքային խորհրդատվություն, մասնագիտական ուսուցում, ինչպես նաև աշխատանքային գործիքների տրամադրում՝ տնտեսական գործունեության ծավալելու համար։

 

Երեխաների համար կրթական գործողությունները հիմնականում ուղղված են լինելու նրանց ինտեգրմանը՝ իրազեկության բարձրացման և շահերի պաշտպանության տարբեր միջոցառումների միջոցով:

 

Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանել են շուրջ 13 հազար սիրիահայեր: